ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կրթե՞լ , թե՞ գռփել

Կրթե՞լ , թե՞ գռփել
03.05.2023 | 22:19

Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի գործունեության վերաբերյալ կուտակած հետաքննական նյութերը հարկադրեցին խորացնել Շիրակի մարզի և Գյումրու դպրոցական համակարգի վիճակի ուսումնասիրությունները: Շրջանառվող լուրերը, Գյումրու օդում պտտվող խոսակցությունները դպրոցներում տեղի ունեցողի վերաբերյալ պարտադրեցին խորամուխ լինել կրթական համակարգի, Շիրակի մարզպետարանի, մարզպետների, որոշ դպրոցների տնօրենների անպատժելի գործունեության մեջ: Արդյունքում պարզվեց, որ« օրինակ, Շիրակի մարզի Բյուրակն գյուղի դպրոցի 75 աշակերտից 43-ն ընդգրկված է համընդհանուր ներառական կրթության ծրագրում: Այդ զարհուրելի փաստի վերաբերյալ անգամ քրեական վարույթ է հարուցվել 2018 թվականին, սակայն այդ քրեական գործից ծպտուն չկա: Ավելին, այդ նույն դպրոցի տնօրենը հաջողացրել է 2019 թվականին վերընտրվել: Մամուլի հրապարակման հղումը՝ կից: https://www.24news.am/news/62920 «Ներառական օպերացիա կամ ներառական կրթությունը՝ շահավետ բիզնես»:

Կամ՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետի քրեական վարույթների բեռը ծանրացած է ոչ միայն վերջինի նկատմամբ՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում խփած կրիմինալ «գոլերով»`կան ոչ միայն հարուցված մի քանի քրեական գործեր միայն Շիրակի պետհամալսարանում նրա պաշտոնավարման ընթացքում լափածի, այլև Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցների տարածքներից ՝ 200 և 100 քառակուսի մետր տարածքները, ինչպես մեղմ նշված է հաղորդագրության մեջ, «առանձնացնելու» վերաբերյալ: Հղումը՝ https://armtimes.com/hy/article/170391?fbclid= IwAR2IlHX4RmC-B3xDPY5OzWwH4IeBYNc_QKd60J0CC78duAusIhzrZJG0e_w: Սրան էլ գումարվում է այն փաստը, որ Շիրակի մարզպետարանի նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական ոչ մի վարույթ տեղից չի շարժում: Ավելին, Գյումրիում բոլորը գիտեն, որ այդ անձը շարունակում է կրթության վարչության ստվերային պետ մնալ՝ իր սանիկին, որին կարգել է կրթության վարության պետ, պաշտոնից բխող վարքագծային հրահանգներ տալով: Սա, փաստորեն, տարիների ընթացքում իդեալական կոռուպցիայի ձևավորված, անխափան աշխատող համակարգ է՝ Սերժ Սարգյսանից Նիկոլ փաշինյան ոչինչ չի փոխվել:

ՈՒ պարզ է, որ Շիրակի մարզում ձևավորաված կոռուպցիոն սխեմաները, ինչպես ասվում է, живут и побеждают:

Գյումրու մի շարք դպրոցների տնօրենների դեմ հարուցված քրեական գործերը հեշտությամբ կոծկվում են ցայսօր՝ակնհայտ ու զարհուրելի հանցանքների փնջի պարագայում: Օրինակ, Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված գործը: Այդ տնօրենի հանցավոր գործունեության, կեղծիքների մասին մամուլի հրապարակումներից հետո անգամ, նա դեռ շարունակում է պաշտոնավարելhttps://168.am/2023/04/10/1857931.html,: Իսկ դպրոցում, ըստ տեղեկությունների, այդ ամենից հետո անգամ, համարձակվում են 4-րդ դասարանցիներից գումար հավաքել:

ՈՒ եթե որոշ դպրոցների տնօրեններ, հասցնում են, ինչպես ասվում է, բնում խեղդել քրեական գործերի հարուցումը՝ մտածելով, որ՝ պրծան, ապա մոռանում են, որ ցանկացած պարտակած չարաշահում նորից ջրի երեսին հայտնվելու ունակություն ունի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի «ինսպեկցիայի» արձանագրումները.

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2022 թվականին Գյումրու որոշ դպրոցներում իրականացված տեսչական ստուգուման ամփոփումը նայելիս, պարզ է դառնում, որ Շիրակի մարզպետները, մարզպետարանը, կրթության վարչության պետեր/ պետը և դպրոցների տնօրենները համակարգված կոռուպցիոն շղթա են ստեղծել, կարելի է ասել՝ հանցավոր բանդա: Որովհետև չտեսնել այն, ինչը տեսել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմինը, նշանակում է՝ թքած ունենալ ինչպես պետության, այնպես էլ կրթության վրա, խմբակային հանցագործության ցանց ստեղծել, ղեկավարել և «քափը քաշել»: ՈՒ ինչքան էլ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը, որի սանիկը Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենն է, որի նկատմամբ ևս կա հարուցված քրեական գործ, փորձի գրավոր նվաղ արդարացումներ ներկայացնել կամ տնօրենների ժողովում հպարտորեն նշել, թե՝ ամեն ինչ շտկված է, այնուամենայնիվ, պարզ չէ՝

ի՞նչն է շտկված՝ ուսուցչի օգնականին դասաժամ տրամադրե՞լը, թափուր տեղի համար մրցույթ չանցկանել՞ը, դրսից եկած աշակերտին դասարանից դասարան տեղափոխե՞լը` առանց կրթության վերաբերյալ փասատթղթերի ու հանձնաժողովի եզրակացության այն դեպքում, որ այդ աշակերտն իրավունք չունի փոխադրվել այլ դասարան՝ նա ՀՀ կրթական ծրագրով ուսուցումը պետք է շարունակի ո՛չ թե մեկ դասարան բաձր, այլ հենց իր դասարանում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մարզպետարանը, լինելով մինի կառավարություն տեղում, ունենալով լիքը հաստիքներով կրթության վարչություն, որի ամենօրյա գործառույթն է վերահսկել դպրոցների աշխատանքը, դրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին, հայտնի կենդանուն բնորոշ բանականության բացակայությամբ, նշում է՝ խախտումները շտկված են: ՈՒ չի հասկանում, որ ինքն է արձանագրված խախտումների առաջին պատասխանատուն, հետո նոր շղթայի մյուս «բեռնակիրները»: ՈՒ, բնական է, որ Շիրակի ոչ մի մարզպետ ունակ չի եղել և չէ այս ամենի համար պատժել, տույժի ենթարկել որևէ մեկին: Ինչպես ասվում է՝ շունը շան թաթը չի կծում: Ծաղրածուները մեծ կրկեսում:

Եվ, ուրեմն, ներկայացնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի՝ Գյումրու վեց դպրոցներում անցկացրած ստուգման՝ առավել ուշագրավ փաստերը:Կարդալ՝ էկրանագրերը և դրանցից արված մեջբերումները :

«Հարգելի´ տիկին Աղեկյան

Ձեր գրությամբ բարձրացված՝ «2022 թվականի հոկտմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի կողմից իրականացվե՞լ են ստուգումներ Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք դպրոցներում։ Խնդրում եմ տեղեկացնել՝ 1․ Գյումրի քաղաքի ո՞ր դպրոցներում են իրականացվել ստուգումներ: 9. Շիրակի մարզի ո՞ր դպրոցներում են անցկացվել ստուգումները» հարցման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ համաձայն տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի № 106-Ա հրամանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց», «Գյումրու N 19 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց», «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց», ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ներում իրականացվել են ստուգումներ կրթական գործընթացի արդյունավետության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Ձեր գրությամբ ներկայացված 2-րդ և 10-րդ կետերի՝ «2. Ինչպիս՞ի խախտումներ են հայտնաբերվել այդ դպրոցներում: Խնդրում եմ նշել խախտումների բնույթը և դպրոցների համարները: 10. Ինչպիս՞ի խախտումներ են արձանագրվել» հարցումների վերաբերյալ տեղեկացնում եմ, որ տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում խախտումներ հայտնաբերվել են բոլոր 6 դպրոցներում։

Ստուգված դպրոցներում հայտնաբերվել են հետևյալ բնույթի խախտումներ․

1)Դպրոցի կանոնադրության պահանջների համապատասխանություն․

ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով կատարված փոփոխությունները չեն ամրագրվել բոլոր 6 դպրոցների կանոնադրություններում»:

Փաստորեն, եթե դպրոցների կանոնադրություններում չեն իրականացվել ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված փոփոխությունները, ուրեմն, Շիրակի մարզապետարանի՝ մարզպետի և կրթության վարչության պետի աշխատանքը ժամավաճառություն է, գործուենության ձևականություն: Չէ՞ որ, մարզպետարանը ՀՀ կառավարության ներկայացուցիչն է մարզում, իսկ դպրոցներն այն կառուցներն են, որոնց աշխատանքը կարգավորվում է ՀՀ կառավարության որոշումներով և օրենքներով: Դե, պատկերացրեք, թե ինչ «տաղանդավոր» են մարզպետը, կրթության վարչության պատասխանատուն և դպրոցների տնօրենները: Միայն այս խախտումը նշանակում է՝ լիաբերան թքել երկրի կառավարության և օրենքների վրա:

Հաջորդ մեջբերումը փաստաթղթից.

«2)Ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի ընթացակարգ․•Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց․ 3 առարկաների մրցույթների հայտարարությունները տրվել են սահմանված ժամկետից ուշ, ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում ուսուցչի թափուր տեղի համար իրականացված մրցույթների ընթացքում յուրաքանչյուր մասնակցի հետ անցկացված հարցազրույցները չեն արձանագրվել։

Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց․ 2 առարկաների ուսուցիչների թափուր տեղի մրցութային հանձանժողովների կազմում այլ դպրոցից ուսուցիչ չի ընդգրկվել»:

ՈՒ ի՞նչը կարող է այստեղ շտկված լինել: Նոր մրցու՞յթ են անցկացրել: Մտածված ուշացումնե՞րն են արագացրել կամ հետին թվով նոր հանձնաժողո՞վ են ձևավորել, կամ տարիֆիկացիա՞ն են փոխել: Պարզ ու հասկանալի է, որ այս ամենն արվել է միտումնավոր ու առկա է քրեական հետևանք առաջացնելու ծանրակշիռ հիմք:

Մեջբերում 3.

3)Մանկավարժական աշխատողների, այդ թվում՝ ուսուցիչների, նշանակում

•Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց․ ուսուցչի օգնականին հատկացվել են դասաժամեր։

•Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց․ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ չի հայտարարվել՝ դասաժամերը հատկացվել են առանց մրցույթի անցկացման։ Գրադարանավարի պաշտոնում նշանակված 2 անձիք չեն ունեցել համապատասխան որակավորում։

•Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց․ պարբերաբար հայտարարված մրցույթներին մասնակից չլինելու պատճառով, առանց մրցույթի անցկացման, դասաժամերը հատկացվել են ոչ մասնագետի։ Դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պաշտոնում նշանակված անձը չի ունեցել համապատասխան որակավորում։

•Գյումրու թիվ 37 ավագ դպրոց․ ուսուցչի օգնականը ժամանակավորապես փոխարինել է անաշխատունակության մեջ գտնվող ուսուցչին։

4)Քաղաքացիական շտաբի պետի դրույքաչափի համապատասխանություն, զինղեկի պաշտոնային իրավասություն․

•Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց․ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետին հատկացված հաստիքային միավորը չի համապատասխանում սահմանված պահանջներին։

•Գյումրու թիվ 37 ավագ դպրոց՝ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետին հատկացված հաստիքային միավորը չի համապատասխանում սահմանված պահանջներին, զինվորական ղեկավարի վրա դրվել է դասղեկի պաշտոնային պարտականությունների կատարումը»:

Կարելի է կետ առ կետ մեկնաբանել այս խախտումները, որոնք կատարվել են Շիրակի փոփոխվող մարզպետների, կրթության վարչության նախկին պետի պետ դարձրած սանիկի աչքի առաջ և քթի տակ: Սրանք անտեսանելի խախտումներ չեն, ավելին՝ յուրաքանչյուրի հիմքում ոչ թե խախտում-վրիպում է, այլ «խոր էշելոնացված» շահագրգռվածություն: Այլ մեկնաբանություն չկա:

Մեջբերում 4.

6)Մեթոդական միավորումների գործունեություն․

•Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց․ մեթոդական միավորումների կողմից մանկավարժական խորհրդի քննարկմանը չեն ներկայացվել ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև չեն քննարկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսուցման պլանները:

7)ՈՒսումնական պլանի պահանջներ․

•Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց․ 3-րդ օտար լեզվի դասավանդումը սկսվել է 6-րդ դասարանից։

8)Կրթության կազմակերպում․

•Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց․ ուսումն ընդհատած սովորողի գիտելիքների ստուգման նպատակով առարկայական մասնագետների խումբ չի ստեղծվել, բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար ուսուցում չի կազմակերպվել։

•Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց․ 5-րդ դասարանում կրթությունն ընդհատած սովորողն ընդունվել է դպրոցի 6-րդ դասարան։

1)Տնօրենի պաշտոնային պարտականությունների կատարում․

•Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց․ տնօրենի կողմից չեն հաստատվել մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և գրադարանավարի հաշվետվությունները։

•Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց․ տնօրենը դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունը խորհրդի քննարկմանը չի ներկայացրել:

•Գյումրու թիվ 37 ավագ դպրոց․ դպրոցի տնօրենը խորհրդի քննարկմանը չի ներկայացրել դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունը, սահմանված ժամկետում չի հաստատել մանկավարժական աշխատողների աշխատանքային պլանները»:

Տեղեկացնեմ, որ,նորպես հետաքննող լրագրող, հարցում էի ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարարությանը՝ կոնկրետ Գյումրու թիվ 32 դպրոցում իրականացված ստուգուման արդյունքներին տեղեկանալու համար: Ստանալով պատասխանը՝ հարց էի տվել ՀՀ ԿԳՄՍ նախարարին, թե՝ ի՛նչ պատժի է ենթարկվել այդ դպրոցի տնօրեն տիկինը: ՀՀ ԿԳՄՍ նախարարը հարցի պատասխանը, զարմանալիորեն, վերահասցեավորել էր Շիրակի մարզպետարանին, իսկ այնտեղից ստացված պատասխանը, ոչ միայն «գելթոզի» էր՝ չկար կոնկրետ հարցի պատասխանը, այլև մանիպուլյատիվ. չկային այն խախտումների պատասխանները, որոնք պարունակում էին ոչ միայն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն, այլև՝ քրեական հետևանք առաջացնելու հիմք:

Օրինակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումների ամփոփագրում նշված է. «տնօրենի 04.04.2022 թ․ № 25 հրամանով Արփինե Մովսիսյանն ընդունվել է դպրոց՝ որպես ուսուցչի օգնական: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, շնորհվել է ինժեներ-տեխնոլոգի որակավորում: Ստուգման ընթացքում չի ունեցել համապատասխան աշխատանքային ստաժ և ստուգման պահին շարունակում էր աշխատել։ Չի ապահովվել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշմամբ հաստատված N 4 հավելվածի XIV գլխի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի կատարումը՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ »:

Իսկ հիմա ուշադիր կարդում ենք, թե ի՛նչ է պատասխանում ինձ՝ լրագրողիս, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետն այս խախտման վերաբերյալ.

«4.Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 23.09.2020 թ․ № 15/1 հրամանով Արփինե Մովսիսյանն ընդունվել է աշխատանքի՝ որպես ուսուցչի օգնական: ՈՒսուցչի օգնականի աշխատանքային ստաժի վերաբերյալ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»:

Շիրակի մարզպետարանում երկար տարիներ աշխատող պաշտոնյան դիմում է պարզ ու անսքող ստախոսության և մանիպուլյացիայի՝ անգետի տեղ դնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմինը հստակ գրում է, որ տվյալ անձը ստուգման պահին ՉԻ ՈՒՆԵՑԵԼ աշխատանքային ստաժ, հանդիսացել է ինժեներ-տեխնոլոգ: Ընդ որում, տեսչական մարմինը ստուգումն իրականացրել է 30.10-04.11.2022 թվականին, իսկ հիմա 2023 թվականի մայիս ամիսն է: Այսինքն, մարդը ստաժ չունի, մասնագետ չէ, բայց ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատում է Գյումրու թիվ 32 դպրոցում: Եվ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ թե արձանագրել է այդ անձի՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմելու փաստը, այլ այն, որ այդ անձը համապատասխան կրթություն չունի:

Ի՞նչ կապ ունի, թե նա ու՞ր է դիմել և ի՞նչ նպատակով: Ֆիքսված է փաստը՝ անձը չունի համապատասխան կրթություն: ՈՒ սա այն դեպքում, որ տեսչական մարմինը հստակ նշում է՝ «տնօրենի 04.04.2022 թ․ № 25 հրամանով Արփինե Մովսիսյանն ընդունվել է դպրոց՝ որպես ուսուցչի օգնական»: Այսինքն, այդ հրամանից անցել է մեկ տարուց ավելի: Մեկ տարվա ընթացքում չի՞ ստացվել այն հարցի պատասխանը, որի համար այդ տիկինը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և որի վրա հղում է անում Շիրակի մարզպետարանի պաշտոնյան: Ի դեպ, չի էլ նշում ուսուցչի օգնականի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմելու օրը, ժամը և չի ապացուցում փաստով, թե ի՛նչ բովանդակությամբ դիմում է հղել այդ տիկինը:

Հաջորդը.

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմինը հստակ ու, ըստ էության, քրեորեն պատժելի փաստ է արձանագրել: Կարդում ենք. «V դասարանի սովորող Մխիթար Գրիգորյանը 2021 թվականի մարտի 24-ից ազատվել է դպրոցից՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով: Տնօրենի 30.08.2021 թ. № 90 հրամանով ընդունվել է դպրոցի VI դասարան: Նշված ժամանակահատվածում Մ. Գրիգորյանի՝ կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր առկա չեն եղել»:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը, իր գրավոր արարում, ընդհանրապես չի խոսում, չի անդրադառնում այս փաստին: Ինչպես ասում են՝ հոտն առել է, որ հենց սա է քրեորեն պատժելի արարքը, ուստի, լրացուցել հիշատակել է, «փորել ու փորփրել» կեղտակույտը չարժե: Նա ուղղակի «թռել» է այս կետի պատասխանից:

Երրորդը. ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմինն արձանագրել է հետևյալը. «2021-2022 ուսումնական տարում դպրոցի «Բնագիտամաթեմատիկական», «Հումանիտար» և «Օտար լեզուների» առարկայական մեթոդական միավորումների կողմից, 2022-2023 ուսումնական տարում բոլոր մեթոդական միավորումների կողմից մանկավարժական խորհրդի քննարկմանը չեն ներկայացվել ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման վերաբերյալ առաջարկություններ: Նույն ուսումնական տարիներին չեն քննարկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսուցման պլանները»:

Կարդում ենք Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի մանիպուլյացիոն պատասխանը.

«8. Հաստատության մեթոդական միավորումները 2022 թվականի նոյեմբերի 21-ին կայացած արտահերթ նիստերին քննարկել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսուցման պլանները»:

ՈՒշադրություն դարձրեք, որ նախ` պաշտոնյան չի հիշատակում, որ երկու ուսումնական տարվա ընթացքում մեթոդական ոչ միավորում չի քննարկել և մանկավարժական խորհրդին չեն ներկայացվել դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտնաբերված խախտումը: Ինչու՞, որովհետև այդ դասաժամերի մեծ մասը, ըստ հավաստի լուրերի, դպրոցի տնօրենը հատկացրել է իր մորաքրոջ աղջկան՝ անգլերենի ուսուցչուհուն, որն առանց մրցույթի՝ ութ տարի շարունակ, աշխատում է դպրոցում՝ զբաղեցնելով տարբեր հաստիքներ ևս: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը միտումնավոր չի հիշատակում դպրոցական բաղադրիչի տնօրինման վերաբերյալ փաստը: Իսկ հիաշատակած` «քննարկումը 2022 թվականի նոյեմբերի 21-ին» համարում է տեսչական մարմինի կողմից հայտանաբերված դիտողությունների շտկման ձև:

Այն, ինչ կատարվում է Շիրակի մարզի և Գյումրու դպրոցների զգալի մասում հատուկ և առավել մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի: Ի վերջո, դպրոցը կրթարան է, ոչ թե «կռտարան» կամ գռփելու տեղ:

Պարզ է, որ սա ընդամենը մեկ կաթիլ է կոռուպցիոն մեծ ծովից:

Հետաքննության մյուս նյութերը ՝ շարունակությամբ:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Գյումրիից` հատուկ irates.am-ի համար

Դիտվել է՝ 8275

Մեկնաբանություններ